Հայաստանում անհրաժեշտ է վերանայել և մեղմացնել հարկերը չվճարելու համար գործարարների դեմ քրեական գործեր հարուցելու մոտեցումները։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Մասնավորապես, առաջարկվում է հրաժարվել նյութերը քննչական կոմիտեին ավտոմատ կերպով փոխանցելու պրակտիկայից։ Ըստ նոր կարգի՝ խախտումները նախ կքննվեն հարկային մարմինների կողմից՝ ստուգումների իրականացմամբ, համապատասխան ակտի կազմմամբ և այն բողոքարկելու հնարավորությամբ։ «Ակնկալվում է, որ գործերի մի մասը կարող է կարգավորվել առանց քրեական հետապնդման։ Կանպատեսվում է, որ փոփոխության արդյունքում մոտ 600 քրեական գործ կապաքրեականացվի, եթե քրեական վարույթ դեռ նախաձեռնված չէ, չի էլ նախաձեռնվելու, իսկ առանձնապես ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության»,- պարզաբանել է Հակոբյանը։
Դրան զուգահեռ՝ կվերանայվեն նաև չվճարված հարկերի շեմերը, որոնց դեպքում խախտումը որակվում է որպես առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափում։ «Խոշոր» չափի համար շեմը տարեկան 10 միլիոն դրամից կբարձրացվի 30 միլիոնի, իսկ երեք տարվա կտրվածքով՝ մինչև 45 միլիոն դրամի։ «Առանձնապես խոշոր» չափի դեպքում շեմը տարեկան 20 միլիոնից կդառնա 50 միլիոն, իսկ երեք տարվա համար՝ 75 միլիոն դրամ։ Բացի այդ, ՊԵԿ-ն առաջարկում է սահմանափակել գույքի կալանքի կիրառումը։ Նախաքննական մարմինը կամ դատարանը հնարավորություն կունենան կալանքը փոխարինել ֆինանսական երաշխիքով, այդ թվում՝ պետական պարտատոմսերի տեսքով։ Սա թույլ կտա ընկերություններին միջոցները դուրս չբերել շրջանառությունից։





























