«Կրթասեր» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին եւ խնդրել, որ աջակցի Երեւանում աստղագիտության բաց մեդիաօլիմպիադայի անցկացմանը: Նախաձեռնությանը միացել են մեծ խումբ գիտնականներ, մանկավարժներ, մի քանի հարյուր ծնողներ:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Ժամանակին Երեւանում կար աստղացուցարան (պլանետարիում), որը տեղակայված էր Կոմիտասի անվան այգում, եւ դպրոցականները գոնե մեկ անգամ այցելելու հնարավորություն ունեին: Ցավոք, հիմա այն չկա: Հայաստանում չկա ոչ մի աստղացուցարան, իսկ աստղագիտությամբ հետաքրքրվող երեխաներ կան: «Կրթասեր» ՀԿ-ն այդպիսի երեխաների համար, նվիրյալ աստղագետ-մանկավարժ Ավետիք Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել է «Տիեզերք» ակումբը, որը ղեկավարում է նրա սանը` տաղանդավոր երիտասարդ աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, աստղագիտության միջազգային մրցույթների հաղթող Լեւոն Արամյանը:
Ակումբը կազմակերպում է աստղագիտության բաց մեդիաօլիմպիադա, որի հաղթողների համար ամռանը կկազմակերպվի օլիմպիական ճամբար: Ակումբի առաջնային ծրագրերից է նաեւ դպրոցականների համար պլանետարիումի ստեղծումը: Այդ գաղափարը ոգեւորել է լայն հասարակությանը, գիտությամբ զբաղվողներին, ուսուցիչներին, պատանիներին: Սա կլինի լրջագույն գիտակրթական ծրագիր, որից կարող են օգտվել բոլորը` անկախ տարիքից եւ մասնագիտությունից:
Նման պլանետարիումներ կան քաղաքակիրթ բոլոր երկրներում, նաեւ մեր տարածաշրջանի պետություններում` Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում: Հայաստանը, որը տվել է Վիկտոր Համբարձումյան եւ այլ մեծանուն գիտնականներ աստղագիտության բնագավառում, այսօր չունի գեթ մեկը:
Պլանետարիումից կօգտվեն նաեւ այլ ծրագրերով ստեղծված պատանեկան-ստեղծագործական ակումբների եւ խմբակների սաները: Պլանետարիումի ընտրված մոդելը հնարավորություն կտա ցուցադրումներ անելու համար այն տեղափոխել այլ մարզեր, քաղաքներ եւ գյուղեր: Դա կարող է խթան լինել, որ տարատեսակ պլանետարիումներ ստեղծվեն հանրապետության մարզերում, խոշոր քաղաքաներում:
Դիմում ենք Ձեզ`«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով այս հայրենանվեր նախագծի իրականացմանն աջակցելու խնդրանքով»:
Նախաձեռնությանը միացել են`
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի անունից.
Տնօրեն` Հայկ Հարությունյան
Սովորողների տիեզերական ակումբի հիմնադիր`
Ֆիզիկոս-աստղագետ` Ավետիք Գրիգորյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան
Մեդիա Կենտրոնի ղեկավար Գրիգոր Խաչատրյան
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու` Մկրտիչ Երանոսյան
Քիմիական գիտությունների թեկնածու` Վեներա Խառատյան
Մանկավարժական կենտրոնի ղեկավար` Նաիրա Նիկողոսյան
ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միության նախագահ`Կառլեն Հարությունյան
«Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ»` Կարինե Ստեփանյան
«Ուսուցչաց Տուն» ՀԿ նախագահ` Հերմինե Անտոնյան
«Զարթոնք-89» ՀԿ նախագահ Սիլվա Վարդանյան
«Մանկական ճամբար» մանկապատանեկան ՀԿ` Լեւոն Մնացականյան
Նամակին միացել են մոտ 300 ծնողներ:




























