Գյումրիի քաղաքապետարանը պարզաբանել է մամուլի հրապարակումները, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորած 9 հոգանոց պատվիրակությունն արդեն վեց օր է գտնվում է Բրազիլիայում, որտեղ այս օրերին ընթանում է Ռիո դե Ժանեյրոյի հայտնի դիմակահանդեսը:
Գյումրիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է.
«Վերջին օրերին տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում ինտենսիվորեն շահարկումներ են տարածվում` կապված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Բրազիլիա մեկնելու հետ:
Շահարկումներին վերջ տալու համար, հարկադրված ենք պարզաբանել, որ դեռեւս երկու տարի առաջ, Գյումրիի եւ Բրազիլիայի Օզասկո քաղաքների միջեւ ստորագրվել էր երկկողմ համագործակցության պայմանագիր, որի համաձայն, երկու քաղաքները դարձել էին քույր քաղաքներ: Այսպիսով, հիմք դրվեց բազմակողմանի համագործակցության:
2011-ին Օզասկո քաղաքի պատվիրակությունը, քաղաքապետի գլխավորությամբ, այցելել էր Գյումրի: Այցի ընթացքում ստորագրվեց հետագա համագործակցության հուշագիր:
Մեկ ամիս առաջ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնական հրավեր է ստացել Օզասկոյի քաղաքապետից` փոխադարձ այցելության վերաբերյալ եւ այժմ գտնվում է հենց այդ քաղաքում:
Թե ինչու են լրատվամիջոցները արհեստական աժիոտաժ ստեղծում այս փաստի առնչությամբ, դա համեմելով զանազան բամբասանքներով եւ օդից վերցված ենթադրություններով, ինչպես փորձն է ցույց տալիս, պայմանավորված է կոնկրետ միտումով եւ սեւեռվածությամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չորորդ ինքնիշխանություն» թերթի փոխանցմամբ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն վեց օր է, ինչ ինը հոգանոց պատվիրակությամբ գտնվում է Բրազիլիայում, որտեղ այս օրերին ընթանում է Ռիո դե Ժանեյրոյի հայտնի դիմակահանդեսը: «Պատվիրակությունը Բրազիլիայում կմնա եւս վեց օր: Ռիոյի կառնավալին, ինչպես հայտնի է, մասնակցում են ոչ միայն կիսամերկ պարուհիներ, այլեւ ամենատարօրինակ եւ էկզոտիկ հանդերձանքով եւ դիմակներով դերասաններ, ակրոբատներ, ծաղրածուներ եւ այլն: Փաստորեն` այս տարի Հայաստանը բավականին պատշաճ մասնակցություն կունենա այդ միջոցառմանը: Ընդ որում` կարծես թե ընտրվել է ամենախնայողական տարբերակը, որովհետեւ Գյումրիի քաղաքապետն իր հանրահայտ կեպիով հաստատ լրացուցիչ հանդերձանքի կարիք չի ունենա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են հոգացել այդ բավականին թանկարժեք ճամփորդության ծախսերը, ապա ճիշտն ասած` դա մեզ առանձնապես չի հետաքրքրում: Գյումրեցիներն առատաձեռն ժողովուրդ են, եւ վստահ ենք` անհրաժեշտության դեպքում հանգանակություն կկազմակերպեն, միայն թե Վարդան Ղուկասյանը հնարավորինս երկար բացակայի քաղաքից»,- գրել է թերթը:




























