Վաշինգտոնը տեղեկացրել է եվրոպացի դաշնակիցներին գործող պայմանագրերով որոշ զենքերի մատակարարման հնարավոր ուշացումների մասին, քանի որ Մերձավոր Արեւելքում պատերազմը սպառում է ամերիկյան պաշարները, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրների: Ուշացումները կազդեն նաեւ Բալթյան եւ Սկանդինավյան երկրների վրա: Դրանք ներառում են տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական նպատակներով օգտագործվող։
Մատակարարումները կատարվում են Foreign Military Sales ծրագրի շրջանակում, որի միջոցով օտարերկրյա երկրները ձեռք են բերում ամերիկյան զենք՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ եւ հաստատմամբ: Հատկանշական է, որ Թրամփի վարչակազմը ակտիվորեն խրախուսել է ՆԱՏՕ եվրոպական դաշնակիցներին այս ծրագրի միջոցով ավելի շատ ամերիկյան տեխնիկա գնել: Սակայն մատակարարման քրոնիկական ուշացումները մեծացնում են գրգռվածությունը Եվրոպայում եւ խթանում հետաքրքրվածությունը սեփական եվրոպական զենքի համակարգերի նկատմամբ:





























