Հնագետներն ու խոհարարության պատմաբանները շարունակում են ուսումնասիրել եզակի գտածոն՝ մոտ 2000 տարվա վաղեմության գրեթե ամբողջությամբ պահպանված հացը, որը հայտնաբերվել է հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում, գրում է Interesting Engineering-ը։
Այս հացն արձանագրվել է ածխացած, բայց ճանաչելի բոքոնի տեսքով, որը պահպանել է իր ձևը մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման շնորհիվ. այն քաղաքը ծածկել էր մոխրի շերտով և ակնթարթորեն «կոնսերվացրել» օրգանական նյութերը։
Գիտնականները նշում են, որ նման գտածոները չափազանց հազվադեպ են. հացը ոչ միայն փրկվել է, այլև պահպանել է խմորի կառուցվածքը, ինչը թույլ է տալիս հետազոտել Հին Հռոմում հացաթխման տեխնոլոգիաները։ Նման բոքոնները հաճախ պատկանում են panis quadratus տեսակին՝ կլոր հացի, որը բաժանված է հատվածների՝ պոկելու հարմարավետության համար։
Հետազոտողները վերականգնում են, թե ինչպես այն կարող էին պատրաստել. հռոմեացիներն օգտագործում էին պարզ բաղադրիչներ՝ հացահատիկի ալյուր, ջուր, աղ և թթխմոր։ Երբեմն խմորին ավելացնում էին լոբազգիներ կամ խաղողի բաղադրիչներ՝ ֆերմենտացման համար։ Հացը թխվում էր քարե վառարաններում և կարող էր լինել բավականին խիտ ու սննդարար՝ նախատեսված երկարատև պահպանման և սոուսների կամ գինու հետ օգտագործելու համար։
Նման գտածոների առանձնահատկությունն այն է, որ դրանք հազվադեպ հնարավորություն են տալիս բառացիորեն «տեսնել» հին հռոմեացիների առօրյա կյանքը՝ ոչ թե տեքստերի կամ մոզաիկաների, այլ ամենասովորական սննդամթերքի միջոցով։
Հնագետները նաև նշում են, որ Պոմպեյում հացը հաճախ ունենում էր հացթուխների դրոշմները և բաժանվում էր մասերի պարաններով կամ կտրվածքներով. դա օգնում էր վերահսկել արտադրությունը և արտադրանքի բաշխումը քաղաքային հացատներում։




























