Ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը անկախ վարկանիշային վերջին մրցաշարերից կմեկնեն Լոնդոնի Օլիմպիական խաղեր: Հայկական ձյուդոյի երկու առաջատարներն արդեն բարձր վարկանիշ ունեն:

Սակայն Դավթյանն ու Նազարյանը փորձում են տեղ զբաղեցնել վարկանիշային աղյուսակի առաջին ությակում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ հաջող վիճակահանություն ապահովելու համար:

Դյուսելդորֆում կայացած Գրան Պրի մրցաշարում մեր մարզիկները անհաջող հանդես եկան` չհաղթահարելով  նախնական արգելքը: Արմեն Նազարյանը 66 կգ քաշային կարգում մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց երկրորդ գոտեմարտում, իսկ Հովհաննես Դավթյանը պարտվեց առաջին գոտեմարտում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արմեն Նազարյանի հետ:

Արմեն, ի՞նչն էր Դյուսելդորֆում քո անհաջողության պատճառը:

Նախ ասեմ, որ Դյուսելդորֆից առաջ ներկայացուցչական մրցաշար անցկացվեց Փարիզում, որում մարզիչները որոշեցին ներկայացնել միայն Հովհաննես Դավթյանին: Ես հավաքի մասնակցեցի ու հետո արդեն մեկնեցի Գերմանիա: Ես կարծում եմ, որ ամեն ինչ անհամեմատ ավելի լավ կլիներ, եթե վնասվածք չստանայի: Առաջին գոտեմարտում հաղթելուց հետո երկրորդում մրցեցի կորեացի ձյուդոիստի հետ: Հնարք կատարելու ժամանակ մրցակիցս հակահնարք փորձեց կիրառել, ու ես զգացի, որ կողքի սուր ցավ ունեմ: Բժիշկ հրավիրեցի տատամի, ինձ խորհուրդ տվեցին չշարունակել գոտեմարտը, բայց ես ուզում էի հաղթել, եւ դա, ինչպես պարզվեց, սխալ էր իմ կողմից: Կոտրվել էր կողոսկրս, ու վիճակը ավելի բարդացավ: Չկարողացա այլեւս գոտեմարտել ու պարտվեցի:

Հիմա վնասվածքդ կարո՞ղ է խանգարել Օլիմպիական խաղերին մասնակցելուն:

Չեմ կարծում: Մինչեւ Օլիմպիական խաղեր դեռ բավականին ժամանակ կա, եւ ես կապաքինվեմ: Ըմբշամարտում նման կարգի վնասվածքները հաճախակի են պատահում, այնպես որ ինչ-որ բարդ բան չկա (ժպտում է): Բժիշկները արդեն ուսումնասիրել են վնասվածքս, եւ նրանց խոսքերով մոտ մեկ ու կես ամից անց ամեն ինչ արդեն լավ կլինի: Ինձ համար շատ կարեւոր է արագ ապաքինվելը, որպեսզի կարողանամ մայիսի վերջին մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Փաստորեն ստացվում է, որ վարկանիշով առաջին ությակում չգտնվելու պատճառով Օլիմպիական խաղերի վիճակահանությունը կարող է ուժեղ մրցակիցների հետ դեմ առ դեմ հանել առաջին իսկ մենամարտում:

Ես ութերորդն էի վարկանիշային ցուցակում, բայց հիմա մի փոքր նահանջեցի: Ինչ վերաբերում է վիճակահանությանը, ապա միայն առաջին գոտեմարտում է հնարավոր համեմատաբար թույլ մրցակից, եթե ությակում լինես: Մյուս կողմից էլ օլիմպիական մրցաշարերում թույլ մարզիկներ չկան: Մեդալ վաստակելու համար հարկավոր է հաղթել ու նորից հաղթել: Մեկ օրվա ընթացքում հինգ գոտեմարտ անցկացնելը հեշտ չէ, բայց բոլորն էլ նույն վիճակում են:

Քեզ արագ ապաքինում եմ ցանկանում:

Շնորհակալ եմ: Իրոք արագ ապաքինվել է հարկավոր, հետո արդեն լուրջ նախապատրաստություն, ու ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջողություն ունենամ Լոնդոնում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը