«ՎԿՍ Արմենիա» ընկերությունը գերմանական «Եվրոդրեսս» ընկերության հումքով եւ սարքավորումներով կարի պատվերներ է տալիս հայկական ձեռնարկություններին: Համագործակցությունը սկսել է 2008 թ. եւ ընդլայնվելու միտում ունի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` «ՎԿՍ Արմենիա» ընկերությունը 2008 թվականից մինչ այժմ Հայաստանում տեղակայված տարբեր ձեռնարկություններում տեղաբաշխել է շուրջ 1,88 մլրդ դրամի կարի ծառայություններ: Ընկերությունում ներկայումս աշխատում են 540 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք են: Ընկերությունը 2011 թ. Շիրակի մարզի Ամասիա քաղաքում հիմնել է նոր արտադրություն` շուրջ 100 աշխատատեղով:

Համաձայն պայմանագրի` արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները տրամադրում են «Եվրոդրեսս» եւ «WKS Textilveredlungs» ընկերությունները եւ, հանդիսանալով վերջիններիս սեփականությունը, արտահանվելու են հանրապետությունից  դուրս  աշխատանքներն  ավարտելուց  հետո: Սակայն «Եվրոդրեսսը» երկարաձգել է պայմանագիրը մինչեւ 2015 թ. ապրիլը:

Դեռեւս 2011 թ. կառավարությունն ընդառաջել էր «ՎԿՍ Արմենիա»-ին` երկարաձգելով ներմուծված սարքավորումների համար կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը (ըստ կարգի` այդ ռեժիմը մաքսային մարմնի կողմից կարող է տրամադրվել ոչ ավելի, քան 1 տարով): Սակայն քանի որ ներմուծվել են նոր սարքավորումներ` կառավարությունը եւս մեկ անգամ ընդառաջ է գնալու «ՎԿՍ Արմենիա»-ին` այդ սարքավորումների մասով եւս կերկարաձգվի մաքսային համապատասխան ռեժիմը: Այդ հարցը ներառված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում: