Աստրախանում ավարտվել է փլված շենքի փլատակների մաքրումը: Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի հաղորդման` փլատակների տակից հանվել են 10 զոհվածների մարմիններ, տվյալ պահի դրությամբ նրանք բոլորն էլ ճանաչվել են:

Փրկվել է 26 մարդ, 7-ը` տեղափոխվել հիվանդանոց: Ներկայումս հիվանդանոցներում են գտնվում 3 մարդ:

Ռուսաստանի ԱԻՆ-ի Արտակարգ հոգեբանական օգնության կենտրոնի մասնագետները շարունակում են հոգեբանական օգնություն  ցուցաբերել տուժածներին եւ զոհվածների հարազատներին, այդ թվում նաեւ մարմինների ճանաչման գործընթացի ժամանակ:

Կազմակերպվել են նաեւ ժամանակավոր կացարանում տեղավորելու աշխատանքներ, որոնց ընթացքում 530 մարդու տեղ է պատրաստվել: Շենքի բոլոր բնակիչներին նոր բնակարաններ կհատկացվեն:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին` Աստրախանի բնակելի իննհարկանի շենքերից մեկում:  Մուտքը փլվել էր ամբողջությամբ: Ըստ նախնական տվյալների` ողբերգությանն է հանգեցրել բնակիչներից մեկի ինքնասպանության փորձը, որն էլ բացել էր գազի ծորանները:

Այսօր` փետրվարի 29-ին, Աստրախանի շրջանում սուգ է հայտարարվել: