ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական գործողություններ չի նախատեսում եւ չի հարաժարվի Աֆղանստանում ռազմական ներկայությունից` չնայած ամերիկացի երկու մասնագետների սպանությանն ու անկարգություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նա հայտարարել է, որ Դաշինքը դատապարտում է այն, ինչ որ կատարվում է Սիրիայում, սակայն այդ խնդրի լավագույն լուծումը կարող է լինել միայն ներտարածաշրջանային:
Ռասմուսենը կոչ է արել Սիրիայի իրադրությունը չհամեմատել Լիբիայի հետ, քանի որ Լիբիայում ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ի հստակ մանդատն ուներ եւ շրջանի մի քանի երկրների աջակցությունը: «Դրանցից ոչ մեկը Սիրիայում չկա: Ես ողջունում եմ ԱՊԼ-ի երկրների ջանքերը Սիրիայում որոշումներ փնտրելու ուղղությամբ: Դեռեւս դրանք հաջող չեն, սակայն վստահ եմ, որ տարածաշրջանի երկրները կմշակեն կարգավորման համապատասխան միջոց», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Ինչ վերաբերում է Աֆղանստանի իրավիճակին, Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ որեւէ լրացուցիչ գործողությունների դիմել կամ էլ երկրի իրավիճակի համար պատասխանատվությունը ժամկետից շուտ փոխանցել աֆղանական անվտանգության ուժերին: Ինչպես սպասվում է, ՆԱՏՕ-ն պատասխանատվությունը աֆղանցիներին կփոխանցի 2014 թվականի վերջին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























