Մահացել է մերձմոսկովյան Գորկի-25 ավանի հացի փռի պայթյունից տուժած եւս մեկ հայ:

Ինչպես  «Ինտերֆաքսին» հայտնել են բժշկական շրջանակներում, կինը մահացել է փետրվարի 28-ին վերակենդանացման բաժանմունքում: Նա Հայաստանի բնակիչ էր:

Աղբյուրը նշել է, որ կինը սկզբնապես կոտրվածքներով եւ այրվածքներով տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք, սակայն ավելի ուշ նրա վիճակն սկսել է վատանալ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց փրկել չի հաջողվել: Կինը դարձել է Մերձմոսկվայում տեղի ունեցած պայթյունի ութերորդ զոհը:

Ավելի վաղ փետրվարի 26-ին Պոդոլսկի Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Հայաստանի եւս մեկ բնակիչ` 22-ամյա Վրեժ Սարգսյանը, որը մարմնի 80%-ի այրվածքներ էր ստացել, գրում է LifeNews-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է  ունեցել փետրվարի 19-ին Գորկի-25 ավանում: Պայթյունը որոտացել է երկհարկանի  շինության երկրորդ հարկում, որտեղ գտնվել է հացի փուռը: Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է շինությունը: Այրվող շինությունում գազի եւս յոթ  բալոն է պայթել: Երկու մարդ տեղում մահացել  են: Փռի բոլոր աշխատակիցներըԱՊՀ-ից մեկնած ապօրինի ներգաղթյալներ են եղել: Պայթյունից հետո հրապարակված ցուցակում տուժածների մեջ 9 հայ եւ 2 տաջիկ էին նշված:

1. Սարգսյան Վ. Ս., 22 տարեկան

2. Սարգսյան, 46 տարեկան

3. Համաթյան Ա. Ս., 43 տարեկան

4. Գրիգորյան Ա. Ն., 54 տարեկան

5. Սարոյան Ռ. Ա., 44 տարեկան

6. Մելքոնյան Դ., 44 տարեկան

7. Մավլոդատով, 29 տարեկան

8. Միրզաքարիմով, 18 տարեկան

9. Հակոբյան Կարեն, 30 տարեկան

10. Ժուլյակյան Ա., 28 տարեկան

11. Սիմոնյան Մ., 25 տարեկան

Պայթյունից հետո հիվանդանոցում մահացել էին երկու տաջիկները` Մալոդատովը եւ Միրզաքարիմովը, Սարգսյան ազգանունով կինը, Կարեն Հակոբյանը եւ Վրեժ Սարգսյանը: Վերջին զոհի անունն առայժմ չի հաղորդվում: