Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) պատգամավոր Ալթան Թանի ելույթից հետո խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորն իր ելույթում ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներից մեկը 1926-ին մահապատժի ենթարկված քուրդ առաջնորդներից մեկին մեղադրել է դավաճանության եւ Անգլիայի գործակալ լինելու մեջ։ «Ես դատապարտում եմ այդ ելույթը։ Իսիքիլիփլի Աթըֆ Հոջան մեկն էր այն հազարավոր անմեղ մարդկանցից, ով կոտորվեց քեմալիստական դիկտատուրայի կողմից։ Քեմալիստական դիկտատուրան այսպես է գործում՝ սպանում է, կախում է եւ հետո հայտարարում է նրան անգլիական գործակալ»,-ասել է Ալթան Թանը։
Քուրդ պատգամավորի խոսքերը բուռն արձագանք են գտել «Ժողովրդա-հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների մոտ։ Պատգամավորների մի քանիսը հարձակվել են քուրդ պատգամավորի դեմ, սակայն ծեծկռտուքը կանխվել է։
Նշենք, որ Ալթան Թանը Թուրքիայի խորհրդարանի այն պատգամավորներից է, ով հայտարարել է, որ 1915-ին հայերի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել։




























