Ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի տաղանդի ամերիկացի երկրպագուներն ԱՄՆ-ի ղեկավարությանը խնդրում են իրենց կուռքին մուտքի վիզա տալ: Այս մասին հայտնել է երգչի ամերիկյան ելույթների նախապատրաստմամբ զբաղվող ընկերությունը:
Իսկ ավելի ճիշտ, ԱՄՆ-ի ավելի քան չորս հազար ռուսախոս բնակիչներ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դիմում են ուղղել Կաբզոնին վիզա տալու խնդրանքով: ԱՄՆ-ում նրա ելույթները նախատեսված են 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին, գրում է pravda.ru-ն:
Վերջին անգամ Իոսիֆ Կաբզոնն ԱՄՆ-ում համերգներով շրջագայել էր 1994 թվականին, սակայն 1995-ին Պետքարտուղարությունը անվավեր էր հայտարարել նրա մուտքային բազմամյա վիզան, ըստ ոչ պաշտոնական տեղեկության` ռուսական մաֆիայի հետ կապ ունենալու կասկածի պատճառով:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Իոսիֆ Կոբզոնը որոշել էր պատվով լքել բեմը` 75-ամյակի տոնական համերգների շրջագայությամբ: Իսկ պատվով բեմը լքել երգիչը մտադիր է անպայման ԱՄՆ մեկնելով, ուր նրան չէին թողել 17 տարի:
Ըստ պարոն Կոբզոնի` Բորիս Ելցինի հետ խնդիր ունեցած ռուսական ուժային կառույցներն իրեն վարկաբեկող տվյալներ են ուղարկել ամերիկացիներին, որն էլ դարձել է ԱՄՆ մուտքի վիզայի մերժման պատճառ: Պաշտոնական պատճառները չեն հրապարակվել:
Կոբզոնը հայտարարել է, որ եթե իր նկատմամբ կան որեւէ պահանջներ, ինքը պատրաստ է պատասխանել նրանց «արդարադատության ցանկացած ատյանում` թե' Մոսկվայում, թե' Նյու Յորքում»:
ԱՄՆ-ի դեսպանատանն Իոսիֆ Կոբզոնի հարցազրույցը նախատեսված է մարտի 15-ին:



























