Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայի հիվանդանոցից հայտնել է իր անսահման սերը հայրենակիցների նկատմամբ`վիրահատությունից հետո «սավառնելով ինչպես ճուռակ»: Ուռուցքը հեռացնելուց հետո նա առաջին անգամ գրառում է կատարել Twitter-ում, որում ասվում է.
«Բոլորին բարի գիշեր եմ ցանկանում, իմ սիրելի համաքաղաքացիներ: Ես սավառնում եմ, ինչպես ճուռակ: Ուղարկում եմ ձեզ իմ անսահման սերը, կապրենք եւ կհաղթենք»:
Չավեսի ուռուցքը հեռացնելու վիրահատությունը տեղի է ունեցել Կուբայում` փետրվարի 28-ի գիշերը: Ըստ վենեսուելյան առաջնորդի` խոսքը աղիքի վրա մոտավորապես 2 սմ տրամագծով առանց մետաստազների գոյացության մասին է եղել:
Իր հերթին Վենեսուելայի փոխնախագահ Էլիաս Հաուան Venezolana de Television հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Չավեսը հաղթողի ամուր, էներգիայով լի ձայնով խնդրել է երկրի ժողովրդին փոխանցել իր եղբայրական ողջույնը, սերն ու շնորհակալությունն աջակցության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























