2009 թ. ԱՄՆ կառավարությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում ՀՀ ոստիկանության աշխատանքներին աջակցելու նպատակով նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ միջազգային համագործակցության բաժնին տրամադրել է համակարգչային տեխնիկա եւ երկու ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 70,000 ԱՄՆ դոլար:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ դեսպանատան կողմից միջոցառմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, իսկ ՀՀ կառավարության կողմից` ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը:
Նոր սարքավորումներն ու մեքենաները հնարավորություն կտան արդյունավետ եւ արագ քննչական եւ օպերատիվ գործողություններ իրականացնել, հավաքել, վերլուծել ու պահել այդ ոլորտի գործերի եւ իրավախախտների վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, ինչպես նաեւ կնպաստեն փաստաթղթերի կեղծման եւ մարդկանց կողմից սահմանը անօրինական հատելու դեպքերի կանխարգելման աշխատանքներին:
Այս նվիրատվությունը Հայաստանի իրավապահ ոլորտում ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համալիր ծրագրի շրջանակում իրականացված նախագծերից սոսկ մեկն է: Այս տարի ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը մեկ մեքենա եւ համակարգչային սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ոստիկանության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին, եւ օգնել այլ ծրագրերում:




























