Ղրղըզական Օշ քաղաքում, այսօր` մարտի 1-ին, տեղի է ունենում «Աթա Ժուրտ» եւ «Բութուն Ղրղըզստան» ընդդիմադիր կուսակցությունների ցույցը: Այդ կուսակցությունները գլխավորում են հարավի բնակիչներ, նախկին նախագահ Բակիեւի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Քամբիչեք Թաշիեւը եւ Ադահան Մադումարովը:
Ղրղըզական լրատվամիջոցների տվյալներով` հանրապետության իշխանությունների դեմ կտրուկ քննադատությամբ հանդես եկող Օշի քաղաքապետ Միրզաքմատեւը` Բակիեւի ժամանակներից իր պաշտոնում մնացած միակ անձը, վայելում է հարավային ազդեցիկ կլանների եւ երկրի ընդդիմադիր ուժերի համակրանքը:
«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով` կենտրոնական հրապարակում 2,5-3 հազար մարդ է հավաքվել: «Բութուն Ղրղըզստան» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդում է յոթ հազար մասնակիցների մասին: Մի քանի օր առաջ խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Քամբիչեք Թաշիեւը խոստացել էր հանրահավաքին 30 հազար մարդ հավաքել, գրում է «Ռոսբալտը»:
Ցուցարարների հիմնական պահանջը, ընդդիմադիր առաջնորդներից մեկի` Ադահան Մադումարովի խոսքով, սոցիալ-տնտեսական իրավիճակի բացահայտ քննարկումն է, ինչպես նաեւ հիմնական պահանջները պետության ղեկավարությանը հասցնելը:
Մասնակիցները պնդում են նաեւ վերադառնալ 1993թ. սահմանադրությանը:
Միաժամանակ, Օշի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ քաղաքի բնակիչներն անհանգստացած են այլ շրջաններից լրացուցիչ ուժեր քաղաք բերելու մասին լուրերից:
Օշում մարտի 4-ին տեղի են ունենալու քաղաքային կենեշի (քաղաքային խորհրդի) ընտրություններ: Այդ ընտրությունների վրա է սեւեռված ողջ հանրապետության ուշադրությունը, քանի որ հենց քաղկենեշի նոր կազմը կնշանակի քաղաքի նոր քաղաքապետին:



























