Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ուկրաինացի գործընկերներին` խնդրելով իրենց հանձնել Պուտինի դեմ մահափորձ պատրաստելու մեջ մեղադրվող Ադամ Օսմաեւին:
Ռուսաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադամ Օսմաեւը «հետախուզվում է 2008թ. ահաբեկչական բնույթի մի շարք հանցագործությունների կատարման մեղադրանքով»: «Այս տարվա փետրվարին Օսմաեւը ձերբակալվել էր Ուկրաինայի տարածքում պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով, պարզվել էր նաեւ նրա մեղսակցությունը ՌԴ վարչապետ Վ.Պուտինի դեմ կազմակերպվող մահափորձին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ադամ Օսմաեւը Չեչնիայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ներկայումս ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ամին Օսմաեւի ազգականն է: Սենատորը հայտնել է, որ իր «ազգականն ընկել է վահաբականների ազդեցության տակ Մեծ Բրիտանիայի Բուկինգհեմյան համալսարանում սովորելու տարիներին», հաղորդում է «Նովիյ ռեգիոնը»:
Նշենք, որ Ադամ Օսմաեւը ձերբակալվել էր փետրվարի 4-ին: Նա ժամանել էր Ուկրաինա եւ վարժում էր չեչեն Ռուսլան Մադաեւին եւ ռուս Իլյա Պյանզինին:




























