Շատ հավանական է, որ Ադրբեջանի Գուբայի շրջանում տեղի ունեցող զանգվածային ակցիաները կազմակերպված լինեն հրեական սփյուռքի կողմից: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշթ Ալիզադեն, պատասխանելով Faktxeber.com լրատվական գործակալության թղթակցի այն հարցին, թե որքանով է հավանական, որ այդ ակցիայի հետեւում կանգնած լինի հրեական սփյուռքը: Պատճառն այն է, որ Գուբայում բնակվում են մեծ թվով լեռնային հրեաներ, ընդ որում Գուբայի տեղական կառավարչի վաճառած հողերը մեծամասամբ պատկանել են հենց նրանց:

Քաղաքագետի խոսքով, դա միանգամայն հավանական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում հրեաները, հատկապես Իսրայելը, ակնհայտորեն փորձում են ազդեցություն գործել Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա:

«Բացի այդ, Գուբայի աննախադեպ ակցիան նաեւ Իլհամ Ալիեւի վարած անհաջող կադրային քաղաքականության հետեւանք է:

Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղական կառավարիչները իրականում բնավ էլ համապատասխան մարդիկ չեն ընտրվել: Գուբայի կառավարիչ Ռաուֆ Հաբիբովն էլ դրանցից մեկն է: Նա Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի մոտ մարդկանցից մեկն է: Հնարավոր է, որ այս ամենն ուղղված լինի հենց նրա դեմ»,-ասել է Ալիզադեն, գրում է Faktxeber.com-ը:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 1-ին, ադրբեջանական ոստիկանությունը Գուբայի շրջկենտրոնում` հանրապետության հյուսիսում, արցունքաբեր գազ է կիրառել  ցուցարարներին ցրելու համար: Բացի այդ, անկարգությունները ճնշելու համար ներգրավվել են ներքին զորքերի զինծառայողներ: Անկարգությունների պատճառ են դարձել շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի` բնակիչներին ուղղված վիրավորական  արտահայտությունները:

Պաշտոնյան օրերս հողատարածքների վաճառքի հետ կապված գուբացիներին մեղադրել էր նրանում, որ վեջիններս «վաճառել են իրենց եւ իրենց շրջանը»:

Մարտի 1-ի առավոտից տեղական իշխանության վարչական շենքի մոտ մինչեւ տասը հազար մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնյայի հրաժարականը եւ քարեր նետել շենքի վրա: բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Բախումների ժամանակ վիրավորվել են Լրագրողներ առանց սահմանների ինստիտուտի աշխատակիցներ Ռեշադ Վագիֆօղլուն եւ Իդրաք Աբասովը: Գազազած ցուցարաները հարձակվել եւ հրդեհել են տեղական կարավարչի տունը:

Ավելի ուշ Միլլի մեջլիսի պատգամավորը ցուցարարներին հավաստիացրել է, որ տեղական կառավարիչը շուտով հրաժարական կտա: