Նոյեմբերի 27-ին խորհրդարանում անցկացվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն` հանձնաժողովի անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին` կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության նախագահը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ բաղկացած 6 անդամներից, որոնցից 2-ն ներկայացնում է ՀՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»՝ մեկական անդամ:
Մրցույթին մասնակցել է 8 թեկնածու՝ հաղորդավար Կարեն Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը, լրագրող Գեւորգ Հարությունյանը, Գոհարիկ Արշակյանը, Կորյուն Առաքելյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը: Երկու` թեսթային եւ բանավոր փուլով անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կներկայացվեն պատգամավորներին, եւ Ազգային ժողովը որոշմամբ կընտրի հանձնաժողովի անդամներին:
Թեսթային փուլում մրցույթի բոլոր մասնակիցները, բացառությամբ դաշնակցական Սպարտակ Ղարաբաղցյանի, հաղթահարել են անհրաժեշտ միավորների` 90 տոկոսանոց շեմը եւ կներկայացվեն խորհրդարանի ընտրությանը:




























