Սիրիայի իշխանությունները միջազգային Կարմիր խաչի կոմիտեին  Հոմս մուտք գործելու թույլտվություն են տվել` բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց աշխատակիցները Հոմսի Բաբ Ամրո թաղամաս կժամանեն այսօր` մարտի 2-ին: Նրանք կբերեն բժշկական դեղամիջոցներ, ինչպես նաեւ քաղաքից դուրս կհանեն վիրավորների մի մասին, գրում է utro.ru-ն:

Երկար ժամանակ Բաբ Ամրո թաղամասը սիրիական ապստամբների գլխավոր հենակետերից մեկն է եղել: Երկրի բանակը, կարելի է ասել, իրականացրել է թաղամասի շարունակական հրետանային ռմբակոծություն 26 օրվա ընթացքում: Փետրվարի 29-ին սիրիական զորքերի ստորաբաժանումներն սկսել են Բաբ Ամրոյի գրոհը, որի արդյունքում վերականգնվել է թաղամասի նկատմամբ կառավարական վերահսկողությունը, իսկ ապստամբներն ստիպված են եղել լքել ավելի վաղ գրաված տարածքները: