Սերբիան պաշտոնապես ստացել է Եվրոպական Միություն մտնելու թեկնածուի կարգավիճակ: Որոշումն ընդունվել է միաձայն` մարտի 1-ին բացված ԵՄ գագաթաժժողովում: Այդ մասին հաղորդել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռումինիան հրաժարվել է Սերբիայի նկատմամբ իր պահանջներից: Բուխարեստը սերբական իշխանություններից պահանջում էր պաշտպանել ռումինական փոքրամասնության իրավունքները:
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն արդեն շնորհավորել է իր հայրենակիցներին տվյալ որոշման կապակցությամբ, գրում է KM.RU-ն:
Հիշեցնենք, Սերբիային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելը հավանության էր արժանացել փետրվարի 27-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Ավելի վաղ` փետրվարի 24-ին, Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում Սերբիան եւ Կոսովոն համաձայնության էին եկել տարածաշրջանային համագործակցության եւ անցակետերում համատեղ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ, ինչն էլ մեծացրել էր ԵՄ մտնելու Սերբիայի հնարավորությունները: Միաժամանակ, տվյալ համաձայնագիրը սերբ ընդդիմադիրները գնահատել էին իբրեւ «Սերբիայի ստորացում», անգամ` «պետական դավաճանություն»:
Նախկին Հարավսլավիայի 6 հանրապետություններից առայսօր միայն Սլովենիան է ԵՄ անդամ: Խորվաթիան կընդգրկվի 2013թ. հուլիսին, Մոնտենեգրոն եւ Մակեդոնիան արդեն թեկնածուի կարգավիճակ ունեն: Սակայն ընդգրկվելու վերաբերյալ այս երկրների հետ բանակցությունները դեռ չեն սկսվել: Բոսնիան եւ Հերցեգովինան իրենց կողմից դեռեւս պաշտոնական հայտ չեն ներկայացրել, գրում է «Էխո Մոսկվին»:




























