Օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ իր նախագահ դառնալուց հետո վարչապետի պաշտոնը կզբաղեցնի երկրի ներկա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Պուտինը հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքներն իրեն ուրախացրել են, որ ոչ մի իշխանություն շահագրգռված չէ երկրում կոռուպցիոն ցանց ստեղծելու մեջ, իսկ վերջում արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին հրավիրել է իր հետ հոկեյ խաղալու:
Պուտինի հետ հանդպմանը ներկա են եղել ֆրանսիական Le Monde-ի, իտալական La Repubblica-ի, անգլիական The Times-ի, գերմանական Handelsblatt-ի, ճապոնական Asahi Shimbun-ի եւ կանադական The Globe and Mail-ի ղեկավարները:
Ընդդիմության հանրահավաքների մասին հարցին, ՌԴ վարչապետը նշել է, որ դրանք իրեն ուրախացրել են, քանի որ դա ստիպել է իշխանական կառույցներին պատասխանել հասարակության հարցադրումներին եւ կատարելագործել իրենց աշխատանքը:
Պուտին-Մեդվեդեւ տանդեմի եւ իր կրկին առաջադրման մասին, Պուտինը պատմել է, որ վաղուց է պայմանավորվածություն եղել, որ իրենցից ընտրություններին կմասնակցի նա, ով ավելի մեծ վարկանիշ կունենա հասարակության մեջ, իսկ վերջին 4 տարիներին իր վարկանիշը միշտ մի փոքր բարձր է եղել Մեդվեդեւի վարկանիշից:
Հատկանշական է, որ Պուտինը պաշտպանել է հայտնի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի` կոռուպցիա բացահայտող գործունեությունը: Միաժամանակ ՌԴ վարչապետը ընդդիմադիրներին խորհուրդ է տվել կաշառակերության դեմ պայքարը չօգտագործել քաղաքական նպատակներով:
Գերմանական Handelsblatt պարբերականի ղեկավար Գաբոր Շտայնգարտը շոկի մեջ է գցել Պուտինին, հայտարարելով, որ հետեւում է ԱՄՆ-ում ընտրարշավին, որտեղ թեկնածուները «պետք է հանեն շալվարները, որպեսզի ցուցադրեն անձնական հարստությունը»:
«Շալվարը հանելը պարտադիր չէ, ես գիտեմ, որ նրանք դա ցույց են տալիս, տեսնելու համար, թե դա գրավո՞ւմ է ընտրողների ուշադրությունը, դրական ազդեցություն ունենո՞ւմ է քվեարկության վրա: Բայց ձեզ մոտ ամեն բան կարգին է այդ հարցում»,-վստահեցրել է Պուտինը:
Այնուհետեւ խոսել են ՌԴ վարչապետի ընտանիքի ու անձնական կյանքի մասին: «Դուք տեսնում եք, որ իմ ընտանիքի անդամները չեն զբաղվում ո’չ քաղաքականությամբ, ո’չ բիզնեսով, ոչ մի տեղ քիթները չեն մտցնում: Ես ուզում եմ, որ իրենց հանգիստ թողնեն, դա կապված է իրենց անձնական բարեկեցության եւ անվտանգության հետ»,-ասել է Պուտինը, հաղորդում է «Իզվեստիան»:



























