Տեղական նշանակության յուրաքանչյուր ապստամբություն կարող է «բռնկվել» եւ տարածվել տարբեր շրջաններում, հետեւաբար, Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբայի շրջկենտրոնի զանգվածային բողոքի ակցիաները նույնպես կարող են տարածվել ամբողջ երկրով:  Այս մասին NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, նշելով, որ տվյալ պահին դժվար է կանխատեսել իրադարձությունների ընթացքը: 

Ըստ Բոզոյանի` Ադրբեջանում քաղաքական ուժերը Ալիեւների կլանի բռնապետության արդյունքում գտնվում են ծանր վիճակում, ժողովրդի սոցիալական վիճակը ողբերգական է: Հետեւաբար, նմանատիպ ակցիաները կարող են վերաճել ժողովրդական զանգվածային ապստամբության իշխանության դեմ: Քաղաքագետը նաեւ հայտնել է, որ իրադրությունից կարող են օգտվել նաեւ դրսի ուժերը:

Մեկնաբանելով մի  քանի ադրբեջանցի քաղաքագետների հայտարարություններն այն մասին, թե Գուբայի շրջկենտրոնի զանգվածային բողոքի ակցիաները կազմակերպված են հրեական համայնքի կողմից, Բոզոյանը նշել է. «Բացառվում է, որ այդ գործընթացների հետեւում կանգնած լինեն իսրայելական ուժերը, քանի որ Իսրայելին ձեռնտու չէ անկայունացնել Ադրբեջանի  այսօրվա ռեժիմը»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Գուբայի շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Խաբիբովը վիրավորել է բնակիչներին: Պաշտոնյան օրերս հողատարածքների վաճառքի հետ կապված գուբացիներին մեղադրել էր նրանում, որ վեջիններս «վաճառել են իրենց եւ իրենց շրջանը»: Մարտի 1-ի առավոտից տեղական կառավարման վարչական շենքի մոտ մինչեւ տասը հազար մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են, որպեսզի  պաշտոնյան ներողություն խնդրի եւ հրաժարական տա: Շրջանային վարչակազմի ղեկավարը ելույթ է ունեցել հավաքվածների առջեւ եւ ներողություն խնդրել` ասելով, որ շրջանի բնակիչները «թանկ են իր համար», սակայն հավաքվածները դրանով չեն բավարարվել, շարունակել են պահանջել նրա հրաժարականը, ձվեր են նետել հռետորի վրա եւ այրել նրա տունը: Սկսվել են բախումներ: Ադրբեջանական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Բացի այդ, անկարգությունները ճնշելու համար ներգրավվել են նաեւ ներքին զորքերի զինծառայողներ:

Ոչ պաշտոնական տվյալներով` իրավապահները շուրջ 200 ցուցարարների են ձերբակալել, ինչն ավելի է բարդացրել իրավիճակը: Ցուցարարները պահանջել են անհապաղ ազատել նրանց, հակառակ դեպքում սպառնացել են այրել քաղաքի բոլոր պետհաստատությունները: Շրջանային կառավարման վարչական շենքն ավերված է: Հայտարարվել է պարետային ժամ: