Այսօր` մարտի 2-ին, Երեւանում ընթացող «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց հոտնկայս հարգանք մատուցել այն սերունդներին, ովքեր նվաճեցին անկախության օրը:

Համագումարին հրավիրված ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ «Ժառանգության» հետ ՀՅԴ-ն բազմաթիվ հարցերում համագործակցել ու համագործակցում է: «Ժառանգության եւ ՀՅԴ-ի առաջին լուրջ համագործակցությունը «Ոչ»-ի շարժումն» էր` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Համագործակցության օրինակներ են նաեւ Արտակարգ դրության մասին օրինագծի եւ 100 տոկոսանոց համամասնականի օրինագծի շուրջ համագործակցությունը, որի դրոշի տակ շատ ուժեր էին հավաքվել: Գոնե մի հարցի շուրջ մենք համախմբված ենք»,-հայտարարեց Հովհաննիսյանն ու շարունակեց. «Ես խիստ կասկածում եմ, որ իշխանությունները կարող են արդար ընտրությամբ հաղթել: Մենք պետք է հաղթենք, որպեսզի ժողովրդի նոր պոռթկում չլինի»:

Ելույթ ունեցավ նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նշելով. «Ես այստեղ եմ հաստատելու, որ մենք «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Հայաստանը մտնում է մի նոր փուլ, որը կավարտվի շատ ուշ` ոչ միայն նախագահի ընտրություններով: Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեցող ընտրություններ են: Նա ով մտահոգված է Հայաստանի ճակատագրով, չի կարող անմասն լինել: Դրան հաջորդող նախագահական ընտրություններով է որոշվելու Հայաստանի ապագան:

«Ժառանգությունն» ի վիճակի եղավ նոր արժեհամակարգ ներմուծել քաղաքական մշակույթ: «Ժառանգությունը» եղավ պայքարի կիզակետոմ, նրանք, ովքեր փորձում են նվազեցնել «Ժառանգության» դերը, ուղղակի նախանձից են դա անում»:

Նշենք, որ «Ժառանգության» համագումարին ներկա էր 231 պատվիրակներից 205-ը:

Համագումարին ներկա են ՀԱԿ-ից` ՀԺԿ առաջնորդ ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից` Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, անկախ պատգամավորներ: