Գործարարները կարող են հայտնվել ՀՅԴ համամասնական ցուցակում, կամ հայտնվել ՀՅԴ մեծամասնական ընտրակագով առաջադրվող թեկնածուների շարքում: Այդ մասին, այսօր` մարտի 2-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է, որ պատգամավոր կարող է դառնալ ցանկացած մարդ, այլ բան է, որ ընտրված պատգամավորը պետք է հրաժարվի բիզնեսով զբաղվելուց պատգամավորական մանդատի ընթացքում: «Հակառակ դեպքում ստացվում է, որ պատգամավոր կարող են դառնալ միայն բժիշկները եւ ուսուցիչները, ընդ որում նրանք, ովքեր ադմինիստարցիայում չեն, այսինքն գլխավոր բժիշկները եւ ուսմասվարները չեն կարող ընտրվել: Մինչդեռ օրենքը նման սահմանափակումներ չի դնում, անհրաժեշտ է միայն որոշակի սկզբունքներ պահպանել: Դրա համար էլ մենք կարող են պատգամավորներ ունենալ, ովքեր բիզնեսով զբաղվելուց հետո անցում են կատարել քաղաքականությանը. բնական է, որ նրանք կթողնեն բիզնեսը պատգամավորական լիազորությունների ժամանակահատվածում»,-նշել է Հովհաննիսյանը:

Խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին` նա հայտարարել է, որ թեեւ կուսակցությունը հանդես է գալիս դրա դեմ, բայց դրանք չի բոյկոտելու: «Մենք կօգտվենք այդ հնարավորությունից: Այո, մենք հանդես կգանք այդ մեխանիզմի դեմ, սակայն մրցակցության տարրական սկզբունքները հուշում են` եթե հնարավորություն կա, դրանից օգտվելն արդարացված է»,-ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հանդես են գալիս մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օգտին: