Հայաստանի պաշտպանության նախարարների (ինչպես ներկա նախարար Սեյրան Օհանյանի, այնպես էլ նրա նախորդների) հանդիպումները երեւանյան առաջատար բուհերի ուսանողների հետ, արդեն դարձել են բարի ավանդույթ: Մինչեւ վերջերս լրագրողները նույնպես հրավիրվում էին այդ հանդիպումներին, լուսաբանում էին դրանք, օգտվում հարց տալու իրավունքից: Սակայն որոշ ժամանակ է, ինչ այդ հանդիպումներն սկսել են կրել գաղտնի բնույթ. հանդիպումները տեղի են ունենում, բայց արդեն առանց մամուլի:

Բացառություն էր խոստանում դառնալ Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի մարտի 2-ին նախատեսված հանդիպումը, որի մասին տեղեկացրել էր այդ հաստատության «Լրատվամիջոցների եւ տեղեկատվության հանձնաժողով» մակագրությամբ մամլո հաղորդագրությունը:

Սակայն հրավիրված լրագրողները բախվել են անակնկալ խոչընդոտի: Բուհի ներկայացուցիչների հետ հանդիպումն սկսվեց  մի դժգոհող կնոջից, որն, ամենայն հավանականությամբ, ներկայացնում էր համալսարանի մամուլի ծառայությունը. կինն իրեն նեղություն չտվեց ներկայանալ, փոխարենը համառորեն փորձում էր պարզել եկած լրագրողների ինքնությունը: «Ո՞վ է ձեզ ընդհանրապես թույլ տվել այստեղ գալ», - ասաց նա: Մանկավարժության լավագույն մեթոդներ ցուցաբերելով` փորձ արվեց դահլիճից հեռացնել անկոչ հյուրերին սպառնալիքի ճանապարհով. «Անվտանգությունը պահանջում է, որ դուք լքեք դահլիճը»: Թե ում կերպարով էր հանդես գալիս անվտանգությունը, ով եւ ինչու էր մամուլի ներկայացուցիչներին ավելորդ համարել, վրդովված տիկինը չբացատրեց:

Նախքան հանդիսավոր մուտքը, ոստիկանական շղթային զուգահեռ (նախարարին դիմավորող) շարքով կանգնել էին նաեւ բուհի ներկայացուցիչները: Վերջիններիս առաքելությունը հիմնականում, հիշեցնենք,  «Լրատվամիջոցների եւ տեղեկատվության հանձնաժողովի» հրավերով ժամանած լրագրողներին հեռացնելն էր: Ճանապարհելու գործընթացն ավելի քաղաքավարի էր, բայց անշեղ: Ճիշտ է, լրատվամիջոցների առավել համառ ներկայացուցիչներին ակնարկեցին, որ ավելի լավ է հնազանդվեն, այլապես կարող են ավելի կոպիտ միջոցների դիմել»:

Հիմնավորումները, համաձայն որոնց բուհի մամուլի ծառայությունը իրեն թույլ է տալիս նման անփութությամբ վերաբերել ուրիշների աշխատանքային ժամերին, մեղմ ասած, լուրջ չեն:  Ակնհայտորեն շեղվելով ճշմարտությունից` մամուլի ծառայության ներկայացուցիչները հաղորդեցին, որ հանդիպումը, չնայած հրավերին, պետք է գաղտնի անցկացվի, նույնիսկ ասացին, որ «ուսխորհուրդը բուհի հետ կապ չունի»:

Հարց է առաջանում` ի՞նչ գաղտնիքներ էին ուսանողները պատմելու նախարարին: Կամ էլ սա անուշադրության կամ անտարբերության հերթական օրինակն էր: