«Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ դաշինք է ձեւավորվելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Վերջինս հավելեց, որ այդ մասին շուտով կհայտարարվի, իսկ մնացածը զուտ տեխնիկական մասն է»:
Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին չհայտարարվեց «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում, Արարատ Զուրաբյանը պատասխանել է, թե համագումարը դրան միտված չէր, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից կարելի էր հասկանալ, որ «դաշինքը կայանալու է` շատ տեւական եւ արդյունավետ»:
Ո՞վ է գլխավորելու համամասնական ցուցակը, հարցին Զուրաբյանը պատասխանեց, որ լրագրողներն առաջ են ընկնում, կհայտարարվի դաշինքի մասին, ապա կսկսվեն քննարկումները: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը վստահ է, որ իրենք հաղթահարելու են 7-տոկոսանոց արգելքը եւ հայտնվելու են խորհրդարանում:
Զուրաբյանը նաեւ նշեց, որ մարտի 11-ին կայանալու է «Ազատ դեմոկրատների» համագումարը, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, կհրապարակվի միասնական ցուցակը:




























