Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը Բաքվին ներքաշեն հակաիրանական դաշինքի մեջ,  կարող են Գուբայի օրինակով հուզումներ հրահրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Շիրակ Թորոսյանը:

«Պատահական չէ, որ հուզումներ տեղի ունեցան պատմական Գուբինական խանությունում: Գուբայի տեղական վարչակազմի ղեկավարը խանական վարքագիծ էր դրսեւորել, ինչը նույնիսկ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պարագայում դժգոհություն է առաջացրել»,-նշեց Թորոսյանը:

Նրա կարծիքով` իրադարձություններում արտաքին ենթատեքստ փնտրելու պարագայում կարելի է ենթադրել, որ դրանք կարող էին հրահրվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի` Ադրբեջանը հակաիրանական դաշիքնում ներքաշելու մտադրությամբ: «Այս պարագայում ցույցերը կարող են տարածվել հանրապետությունում: Հակառակ դեպքում, եթե ելնենք միայն ներքաղաքական իրավիճակից, ապա դրա հավանականությունը մեծ չէ»,-ավելացրեց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Գուբայում զանգվածային անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել: