Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները մարդասիրական օգնություն են հասցրել սիրիական Հոմս քաղաք:
Կազմակերպության ներկայացուցիչները հաղորդել են, որ քաղաք են ժամանել յոթ բեռնատարներ` սննդամթերքով, ծածկոցներով, դեղամիջոցներով եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներով:
Հենց այդ բեռնատարներով էլ քաղաքից կհանվեն զորքերի եւ գրոհայինների միջեւ բախումների ընթացքում տուժածները, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, մարտի 1-ին Կարմիր խաչի եւ Կարմիր կիսալուսնի միջազգային կոմիտեն Սիրիայի իշխանություններից Հոմսի Բոբ Ամր թաղամաս մուտք գործելու թույլտվություն է ստացել: Ավելի վաղ սիրիական զինված ուժերը հայտարարել էին, որ վերահսկողության տակ են վերցրել անհանգիստ թաղամասը:
Ընդդիմությունը վստահեցնում է, որ սիրիական իշխանությունները մի քանի շաբաթ ռմբակոծել են Հոմսը, ինչի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Պաշտոնական Դամասկոսն իր հերթին հայտարարել է, որ հենց գրոհայիններն են ականանետներով ռմբակոծում քաղաքի շրջանները եւ տեսանյութեր պատրաստում, որպեսզի օտարերկրյա միջամտություն հրահրեն:




























