Այսօր Ռուսաստանում «լռության օր» է. Վաղը` մարտի 4-ին, երկրում նախագահական ընտրություններ են: Պետության ղեկավարի պաշտոնի համար, որն առաջին անգամ կընտրվի վեց տարի ժամկետով, պայքարում են վարչապետ Վլադիմիր Պուտինը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, լիբերալ-դեմոկրատների ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Սերգեյ Միրոնովը եւ ինքնառաջադրված Միխայիլ Պրոխորովը:
Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր 2011թ. նոյեմբերի 26-ին: Նախընտրական քարոզչության շրջանն սկսվել է 2012թ. փետրվարի 4-ին:
Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամկետից շուտ քվեարկությունները Ռուսաստանի դժվարամատչելի շրջաններում անցկացվում են փետրվարի 17-ից մարտի 3-ը` նավերի վրա, ինչպես նաեւ արտասահմանյան որոշ ընտրատեղամասերում:
Ռուսաստանի նախագահի ընտրություններին ժամկետից շուտ կարող են քվեարկել 62 երկրների Ռուսաստանի քաղաքացիները` 166 քաղաքներում ու բնակավայրերում տեղադրված 92 ընտրատեղամասերում: Ընտրատեղամասերը բաց կլինեն նաեւ Հայաստանում` Երեւանում եւ Գյումրիում:
Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս ընդհանուր թվով 95 հազար ընտրատեղամասեր կգործեն:
Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ հնարավոր կլինի ուղիղ եթերով հետեւել քվեարկությանը: Քվեարկությունը կսկսվի մարտի 4-ին, առավոտյան ժամը 8:00-ին եւ կավարտվի երեկոյան ուղիղ ժամը 20:00-ին:
Քվեարկության վերջնական արդյունքները ԿԸՀ-ն պետք է որոշի մարտի 14-ից ոչ ուշ, իսկ նախքան մարտի 17-ը դրանք պետք է պաշտոնապես հրապարակվեն: Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի մայիսի 7-ին:



























