«Ժողովուրդը պարտադրեց: Ասացին` Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք. դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք»,-«Առավոտ»-ի հետ զրույցում իր վերջնական որոշման մասին հայտարարեց ԱԺ նախկին պատագամավոր  Հակոբ Հակոբյանը (Էջմիածին):

«Նա առաջադրվելու է թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Հակոբյանն արդեն երկու անգամ այս ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական կարգով: Նախորդ ընտրություններում Հակոբյանին ԸԸՀ-ն չգրանցեց` պատճառաբանելով, որ կեղծ ստորագրություններ են ներկայացվել: Հակոբյանի մրցակիցը գեներալ Սեյրան Սարոյանն էր, ով էլ ընտրվեց: Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց հենց Սեյրան Սարոյանին:

Մեր ունեցած տեղեկություններով երեկ Զվարթնոց համայնքում, որտեղ բնակվում է Հակոբյանը, հանդիպում է եղել բնակիչների հետ: Հանդիպումը` հանրության տրամադրությունները ճշտելու նպատակ է ունեցել: «Առավոտ»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը եւ հավելեց, որ հանդիպմանը մասնակցել են նախատեսվածից շատ մարդիկ. «400-ի փոխարեն 600 մարդ էր եկել, տեղ էլ չկար, մի կերպ էին տեղավորվել: Բայց, մարդիկ լավ էին տրամադրված, ուզում էին, որ ես առաջադրվեմ»:

Ավելի վաղ «Առավոտ»-ի հետ զրույցում, Հակոբյանը հավաստիացրել էր, որ ինքը երբեք չի դիմել «վերեւներից դաբրո» ստանալուն, հիմա էլ է ինքնուրույն գործելու»,- գրում է «Առավոտ»-ը: