Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներ Բորիս Նեմցովին, Սերգեյ Ուդալցովին, Ալեքսեյ Նավալնիին եւ Իլյա Յաշինին մարտի 5-ի առավոտյան զրույցի են հրավիրել Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ներքին գործերի վարչություն: Այս մասին իրենց բլոգներում հաղորդել են ընդդիմադիրներն իրենք:

Ավելի վաղ ՆԳՆ-ն մարտի 5-ին Պուշկինի հրապարակում կայանալիք  հանրահավաքի կազմակերպիչներին զգուշացրել էր, որ հավաքը չպետք է վերածվի չարտոնված երթի: Հանրահավաքին մասնակցելու ցանկություն են հայտնել սոցիալական ցանցերի արդեն 18 հազարից ավելի օգտվողներ:

Հանրահավաքի կազմակերպիչ ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններում չեն ճանաչում Վլադիմիր Պուտինի հաղթանակը` պնդելով, որ դրանց ընթացքում զանգվածային ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, հաղորդում է utro.ru-ն:

Պուշկինի հրապարակի հանրահավաքին մասնակցելու իր մտադրության մասին հայտարարել է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, ով մասնակցում էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին: