Վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաաիքը ծառայում է ադրբեջանական պետական-քարոզչամեքենային: Նման եզրակացություն կարելի է անել հունվար-փետրվար ամիսներին հեռուստաալիքի մանիթորինգի արդյունքում: «ՊԻԿ» հեռուստաալիքի լուրերի հաղորդման ժամանակ ներկայացվում է բացառապես 1990 թ.-ի հունվարի Բաքվի եւ 1992 թ.-ի փետրվարի Խոջալուի դեպքերի միակողմանի մեկնաբանություն:

Մասնավորապես, 1990-ի հունվարի Բաքվի իրադարձությունները ներկայացված են որպես «սեւ հունվարի ողբերգություն», երբ Ադրբեջանի մայրաքաղաք խորհրդային զորքեր մտցվեցին իբր «ժողովրդական հուզումները ճնշելու համար, որոնք կապված էին ազատատենչ ձգտումների հետ»: Ներկայացնելով բացառապես Ադրբեջանի պաշտոնական տեսակետը վրացական ռուսալեզու հեռուստաալիքը ոչինչ չի հայտնում այն մասին, որ 1990 թ.-ի հունվարի 20-ի գիշերը Բաքու խորհրդային զորքեր են մտցվել հայ բնակչության` մի քանի օր շարունակվող կոտորածներից հետո, որի ընթացքում միայն պաշտոնական տվյալներով տանջամահ է արվել եւ սպանվել 90 հայ:

Փետրվարի վերջին «ՊԻԿ»-ը կրկին միակողմանի ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» հարցում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը: Տեղեկատվական ծառայության երկու հաղորդումներում Խոջալուի իրադարձությունները ներկայացվել են որպես «հայկական զորամիավորումների հարձակում», որի հետեւանքով իբր զոհվել է 6 հարյուր ադրբեջանցի: Հնչեցվել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների` Խոջալուում ադրբեջանցիների հորինված «ցեղասպանության» թեզիսը:

Հատկանշական է, որ մեկնաբանելով Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառումը, «ՊԻԿ»-ը կրկին լռել է Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի դեսպանության կողմից Սումգայիթի հայկական կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառման մասին:

Նշենք, որ «ՊԻԿ» հեռուստաալիքը Վրաստանի Հանրային հեռարձակման անդամ է եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Ուստի Հայաստանի համապատասխան գերատեսչությունները լավ կանեն պարզել, թե որքանով «ՊԻԿ»-ի հակահայկական քարոզչությունը արտահայտում Վրաստանի ղեկավարության դիրքորոշումը: