Լիբիայում ձերբակալված բրիտանացի երկու լրագրողներին կասկածում են լրտեսության մեջ:
Տրիպոլիում մամլո ասուլիսի ժամանակ Ֆարաջ ալ Սուելհին` փետրվարի վերջերից լրագրողներին ձերբակալած զինված ստորաբաժանման հրամանատարը, հայտնել է, որ իրանական Press TV հեռուստաալիքի համար աշխատող Նիկոլաս Դեւիսը եւ Գարետ Մոնտգոմերի Ջոնսոնը Լիբիա մուտք գործելու վիզաներ չունեն:
Ըստ նրա` լրագրողների մոտ հայտնաբերվել են իսրայելական բանակի համազգեստներ, տեսագրություններ, որտեղ նրանք մարզվում են ատրճանակներով: Լրագրողների իրերում հայտնաբերվել են նաեւ Տրիպոլիի զինված ստորաբաժանումների`2011 թվականի վերջին հակառակորդ խմբավորման դեմ պայքարում զոհված անդամների անուններով փաստաթղթեր, ինչպես նաեւ Մուամար Քադաֆիի կողմնակից վարձկան աֆրիկացիների ցուցակներ:
Թե որ երկրի համար են աշխատել Դեւիսը եւ Մոնտգոմերի-Ջոնսոնը, դեռ պետք է պարզվի հետաքննության ընթացքում, հայտարարել է զինված ստորաբաժանման հրամանատարը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է Լիբիայում երկու բրիտանացիների ձերբակալման փաստը`ավելացնելով, որ նրանց ցուցաբերվում է դիվանագիտական աջակցություն, գրում է Lenta.ru-ն` հղում անելով Reuters-ին:




























