Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում մերկացած FEMEN ուկրաինական շարժման ակտիվիստներին կարող են Ռուսաստանից արտաքսել` արգելելով նրանց վերադարձը:

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը քննարկում է ՌԴ տարածք նրանց ժամանման անցանկալի լինելու հարցը, ովքեր ձերբակալվել են մարտի 4-ին: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում, որտեղ տեղակայված ընտրատեղամասում քվեարկել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը,  միջադեպ է տեղի ունեցել: Երեք աղջիկներ մերկացել են մինչեւ գոտկատեղը եւ վանկարկել հակակառավարական կարգախոսներ:

Աղջիկներն իրենց վրայից նետել են հագուստը եւ բղավելով մոտեցել քվեատուփերին: Նրանց մարմինների վրա գրություններ են եղել:

Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց կալանավորել են եւ նստեցնելով ոստիկանական մեքենան` տարել:

Աղջիկներից մեկը լրագրողներին ասել է, թե FEMEN շարժման ներկայացուցիչներ են: Ուկրաինական FEMEN շարժման ներկայացուցիչները նմանատիպ ակցիաներ են իրականացնում ոչ միայն Ուկրաինայում, այլեւ նրա սահմաններից դուրս: