Մարտի 3-ին ոստիկանության Նոր  Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17-ի սահմաններում 37-ամյա Արթուր Դավթյանը որսորդական հրացանից կրակել է եղբոր` Ռաֆիկ Դավթյանին պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող` Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետեւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի հյուրասենյակի պատուհանի հատվածում, հայտնաբերվել են անցքեր, իսկ մետաղյա ճաղավանդակին՝ վնասվածք:

Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Արթուր Դավթյանն ու խոստովանել հանցանքը:

Նա իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է հանցագործության գործիք «ՄՌ-27Մ» տիպի որսորդական հրացանը, որն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են  ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 3-ի երեկոյան ժամը 22:40-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնել են ականատեսները` երկու եղբայր տարաձայնություններ են ունեցել, ինչից  հետո նրանցից մեկը որոսրդական հրացանով կրակել է եղբոր մեքենայի ապակուն եւ բնակարանի պատուհաններին:  Տուժածներ եւ վիրավորներ չկան: Մանրամասները  ճշտվում են: