Ադրբեջանի Գուբայի շրջանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո այնտեղ ձերբակալությունների ալիք է սկսվել, որը նոր լարվածություն է առաջացնում շրջանում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ մոտ 30 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայից հետո: Ոստիկանները շարունակում են վերահսկողության տակ պահել քաղաքը, խիստ ռեժիմ է սահմանված, քաղաք ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները ստուգման են ենթարկվում: Դա նոր լարվածություն է առաջացնում բնակչության շրջանում, ովքեր մարտի 4-ին փորձել են կրկին հավաքվել եւ հանդես գալ ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով, սակայն ոստիկանները արագորեն հեռացրել են նրանց հրապարակից եւ թույլ չեն տվել բողոքի ակցիա կազմակերպել:

Բացի այդ, «Ազադլըգ»-ը գրում է, որ իշխանական քարոզչամեքենան անում է ամեն հնարավորը, Իլհամ Ալիեւին «ջրից չոր դուրս բերելու համար»: «Իշխանությունները փորձում են «Իլհամ Ալիեւին երախտագիտության հայտնելու» անվան ներքո ակցիա կազմակերպել եւ ներկայացնել, որ Գուբայի իրադարձություններն իրականում կազմակերպվում էին «օժանդակություն պետականությանը» կարգախոսով եւ բնավ էլ ուղղված չէին Ադրբեջանի իշխանությունների եւ նախագահ Իլհամ Ալիեւի դեմ»,-գրում է «Ազադլըգ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի Գուբայի շրջանում լարված իրադրությունը պահպանվում է, ոչ պաշտոնապես արտակարգ դրություն է հայտարարվել: