Թուրքիայի Այդըն նահանգի Քուշադասըի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված Աթաթուրքի արձանը հայտնվել է պահեստում, ինչը նահանգում մեծ աղմուկ է բարձրացրել։
Թուրքական Güncel Gazetesi թերթն այս լուրը հրապարակել է «Աթաթուրքին պահեստ են գցել» վերնագրով։ Խնդիրը բարձրաձայնվել է, երբ պարզվել է, որ Աթաթուրքի արձանը գնվել է առանց տենդեր հայտարարելու եւ առանց տեղեկությունների, թե ո՞վ է որոշել արձանը գնել եւ որքա՞ն է այն արժեցել։
Քուշադասըի քաղաքային խորհրդի անդամներից Բեհչեթ Ալփը քննադատել է քաղաքապետին նման որոշման համար՝ պնդելով, թե անիմաստ էր արձան պատվիրել, երբ հայտնի չէ, թե այն որտեղ է տեղադրվելու։ Նա նշել է, թե արձանն արդեն 7 ամիս է գտնվում է պահեստում։
Նշենք, որ Քուշադասըի քաղաքապետը մեկ ամիս առաջ եւս սկանդալային պատմության մեջ էր ընկել։ Քաղաքային խորհրդի նիստի ժամանակ նա դիմել էր իր կուսակիցներին (Ժողովրդա-հանրապետական-խմբ) քննադատողներին՝ ասելով. «Ոչ ոք իմ կուսակից անդամներին չի կարող ռեպլիկ թողնել։ Ով որ բան կասի, ես նրա...»,-ասել է քաղաքապետը։ Հայհոյանքը իրարանցում է առաջացրել քաղաքային խորհրդի անդամների մեջ։ Նույնիսկ քաղաքապետի կուսակիցներն են բողոքել, որ պետք չէր հայհոյել։




























