Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով: Այդ մասին Արշակյանը հայտնել է այօսր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը:

Արշակյանի խոսքով, իր ծրագրերին արձագանքել է միայն ԲՀԿ-ն, եւ հավանական է, որ նրանց ցուցակով մասնակցեն ընտրություններին: «Քաղաքական ուժերից ամենամեծ հնարավորություններն այսօր ունի հենց ԲՀԿ-ն»,- նշել է Արշակյանը, որպես լավագույն դրույթներից մեկը նշելով Եվրասիական միության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Հենց դա է պատճառը, որ Արշակյանը չի համագործակցում «Ժառանգություն» կուսակցության հետ, որը մերժում է Եվրասիական միությանը միանալու անհրաժեշտությունը:

Արշակյանը նաեւ անդրադարձել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հավանականությանը եւ նկատել, թե թիվ 7 ընտրատարածքում չի առաջադրվի, քանի որ իր տեղեկություններով, այնտեղ առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Արշակյանը նաեւ դեռ հստակ չի որոշել թիվ 8 ընտրատարածքում առաջադրվելու վերաբերյալ. «Ես հիմա իմ հնարավորությունները կշռելու վիճակում եմ»: