Երեւանի փողոցների երթեւեկության բեռնաթափման նպատակով, աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսկակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Այս մասին նշվել է այսօր` մարտի 12-ին, քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս:
«Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում եւ շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու եւ ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,-նշել է քաղաքապետը:
Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաեւ շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային եւ Լենինգրադյան փողոցին:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են քաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետեւանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթեւեկությամբ ծանրաբենված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:




























