Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» եւ «Սիստեմա» ընկերությունները հայտարարել են ադրբեջանական «Azertelekom» եւ «Bakı Telefon Rabitəsi» կապի ադրբեջանական օպերատորների ակտիվները սեփականաշնորհելու գործընթացում ունեցած շահագրգռության մասին: Ինչպես հայտնում է «АПА-Экономикс»-ը, «Ռոստելեկոմը» նախատեսում է ԱՊՀ երկրներում մայրուղային ցանցի շինարարություն սկսել, եւ այդ նպատակով մտադիր է գնել իր պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր օպերատորի ակտիվները:
Թե որքան իրատեսական են «Սիստեմա» ընկերության հետաքրքրությունները, հայտնի կլինեն այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման պայմանների հրապարակումից հետո:
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը` Մինսկում, այդ երկու ընկերությունները, որ 100 տոկոսով պետական են, հաջորդ տարի սեփականաշնորհվելու են: Այժմ «Bakı Telefon Rabitəsi», «Azertelekom» եւ «Teleradio» ընկերությունները եւ բջջային կապի «Ազերֆոն» հանդիսանում են «Azertelekom» ընկերության համատեղ բաժնետերեր: «Azertelekom»-ն իր հերթին ռուսաստանյան «Synterra»-ի հետ հիմնել է «C-Ring Telecom» ընկերությունը:




























