Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ այսօր կարող է իր թիմակիցներով իրականացնել իր ծրագրերը եւ նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, դրա համար էլ որոշել է թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին նա ասաց այսօր` մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ժամանակին հրաժարվեց պատգամավորական մանդատից, քանի որ համարում էր, որ այն ժամանակ ստեղծված մթնոլորտում հնարավոր չէր աշխատել, իսկ այսօր վիճակն այլ է:
Հարցին, թե քաղաքական ուժեր աջակցելո՞ւ են իրեն, Սուքիասյանը պատասխանեց. «Ես ինքս Հայ ազգային կոնգրեսի հետ եմ, անդամ եմ: Բոլոր ուժերի հետ կունենամ հարաբերություններ որպես Խաչատուր Սուքիասյան: Ով կցանկանա որ ես լինեմ ԱԺ-ում, բարիդրացիական հարաբերություններ կունենամ»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու հնարավորությունը, նա նշեց. «Ես այդ հարցը թողել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանը, եթե նա կորոշի, խնդիր չկա»:
«Քսան տարվա փորձը ցույց է տվել, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ չեն կայացվել տնտեսական ոլորտում: Շատ կուզենամ, որ տնտեսական գործիչներ ու գիտնականներ շատ լինեն Ազգային Ժողովում»,- ընդգծեց գործարար պատգամավորը, հավելելով, որ իր թիմակիցները կլինեն այն մարդիկ, որ համախոհ կլինեն իրեն, որոնց թվում առաջին հերթին ՀԱԿ-ի ցուցակով անցածներն են լինելու:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























