Այսօր Հայ ազգային կոնգրեսը լուրջ հակակշիռ է իշխանություններին, որը կարող է մրցունակ դարձնել, հակակշռել իշխանությանը: Այս մասին, այսօր` մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով մտադիր է պատգամավորի թեկնածու առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարքում:

«Այն ժամանակ միայնակ էի: Ես հաշվարկեցի, որ միայնակ ոչինչ անել չեմ կարող եւ հեռացա: Իսկ այսօր մենք թիմ ունենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի հայտարարությունը, թե քաղաքականությունն ու գործարարությունն անհամատեղելի են, Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Շատ ճիշտ բան են ասել: Դա վերաբերում է անմիջականորեն մենեջմենթի մեջ կառավարողներին: Ես բաժնետեր եմ: Նա ով զբաղվում է անմիջական գործարարությամբ, չպետք է լինի պատգամավոր»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք շահարկման առիթ չի՞ դառնա վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկանքը, հաշվի առնելով, որ ինքը պարբերաբար գտնվել է Հայաստանից դուրս, նա արձագանքեց. «Փաստաթուղթը, որ պետական մարմինը հատկացրել է, իրավաբաններն ուսումնասիրել են: Ես եղել եմ Հայաստանում, հաճախ բացակայել եմ, բայց դա չի նշանակում, որ ես իրավունք չունեմ առաջադրվել»:

Ինչ վերաբերում է հնարավոր ընտրակեղծիքներին եւ դրանց դեմ պայքարին, Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Երեւանի կենտրոնում չի լինի այն, ինչ եղավ Հրազդանում: Ընդհանրապես բացառում եմ, որ նման գործողություններ լինեն, իսկ եթե լինեն, կկանխենք»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի