Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը հերքում է, որ ֆինանսապես օգնել է ՀԱԿ-ին: Այս մասին այսօր` մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Խ. Սուքիասյանը: «Ես այն գործիչը չեմ, որ պետք է ֆինանսապես աջակցեմ որեւէ ուժի: Ես հերքում եմ, որ ֆինանսապես աջակցել եմ: Ես եղել եմ շարժման անդամ ու իմ ուժերն եմ ի սպաս դրել շարժման համար»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք մտահոգվա՞ծ է, որ իր մրցակից Գարեգին Նուշիկյանին աջակցում է գլխավոր դատախազը, նա պատասխանեց, որ իրեն մի հարց է մտահոգում, «որ գլխավոր դատախազն իրավունք չունի քաղաքականութամբ զբաղվելու»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայիս վիճակին, ապա այն գոհացնում է գործարարին, ավելին, նրա կարծիքով` «այն պայմաններում, որ գործել է ՀԱԿ-ը, կարծում եմ` փայլուն են աշխատել»:

Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` նա նշեց, որ չի կարող հստակ կանխատեսել, թե որ ուժերը կլինեն խորհրդարանում, սակայն հավելեց. «Կլինեն ՀԱԿ-ը, ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն, հնարավոր է նաեւ Դաշնակցությունը: Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ի  ներսի ուժերից մեկը կամ երկուսը կարող են չհայտնվել խորհրդարանում, դրսից ՀԱԿ-ը կհայտնվի: Ոչ մի վերլուծություն չունեմ, ով ում ձայն կտա, ուրախ կլինեմ, որ ընտրվեն»,- նշեց նա: