ԵԱՀԿ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի Իեն Կելլին։ Այդպիսի որոշում է կայացրել նախագահ Բարաք Օբաման։ Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, 2009թ. մայիսից Կելլին աշխատել է որպես պետդեպարտամենտի մամուլի քարտուղար եւ նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճան ունի։
2009թ. հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում նա աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով՝ պատասխանատու լինելով Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսիայի համար։ 2007-2009թթ. գլխավորել է պետդեպարտամենտի ռուսական բաժանմունքը։ 2004-2007թթ. Կելլին աշխատել է ՆԱՏՕ-ում։ Տարբեր տարիների Կելլին զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի եւ հյուպատոսի պաշտոնները Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Անկարայում, Վիենայում, Բելգրադում։
Տիրապետում է ռուսերեն լեզվին, եւ ռուս գրականության դոկտորական թեզ է պաշտպանել Կոլումբիայի համալսարանում։ Իեն Կելլի դեսպանության թեկնածությունը պետք է հաստատվի ամերիկյան սենատի կողմից։




























