Այսօր Հաագայի միջազգային դատարանը քննելու է Կոսովոյի անկախության հռչակման օրինականության հարցը: Այս հարցով Միջազգային դատարան է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նա խնդրել է խորհրդատվական եզրակացություն տալ, թե որքանով է 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումը համապատասխանում միջազգային նորմերին: Թեեւ դատարանի որոշումը պարտադիր ուժ չի ունենա, սակայն Բելգրադում ու Պրիշտինայում այդ որոշումից շատ բան են սպասում: Կոսովոյի ղեկավարները ենթադրում են, որ իրենց անկախության լեգիտիմության հաստատումը կբացի ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դռներն իրենց երկրի առջեւ: Սերբական իշխանություններն էլ հույս ունեն, որ դատարանը անօրինական կհամարի Կոսովոյի անկախության հռչակումը, որը կստիպի արեւմտյան առաջատար երկրներին՝ վերանայել Կոսովոյի անկախությունը ճանաչելու իրենց դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ Կոսովոյի անկախությունը անօրինական են համարել եւ այդ երկրի անկախությունը չեն ճանաչել Ռուսաստանը, Չինաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Սլովակիան, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը, Արգենտինան, Բոլիվիան, Վենեսուելան: Կոսովոն ճանաչել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը:

2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի իշխանությունները միակողմանիորեն հռչակեցին իրենց անկախությունը Սերբիայից եւ հայտարարեցին նոր պետության կազմավորման մասին: Սա առաջին դեպքն է աշխարհի նորագույն պատմության մեջ, երբ առանց սյուզերեն պետության համաձայնության՝ հռչակվում ու ճանաչվում է ինքնահռչակ պետության անկախությունը: Նկատենք, որ Կոսովոյի նախադեպը ամբողջությամբ համընկնում է ԼՂ խնդրի հետ եւ եթե երկակի ստանդարտներ չկիրառվեն, ապա նույն կերպ պետք է միջազգային հանրությունը ճանաչի նաեւ ԼՂՀ անկախությունը: