Երեւանի ավագանու այսօրվա` մարտի 16-ի հերթական նիստում միաձայն որոշմամբ, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 153 հիմնական դպրոցը անվանակոչվել է բանասեր, լեզվաբան, պատմաբան, մատենագետ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռաֆայել Իշխանյանի անվամբ:
Ավագանին` գիտության բնագավառում ունեցած ծառայությունների, համաշխարհային ճանաչում ստացած նոր գիտական ուղղությունների ստեղծման, մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադրման, Հայաստանում բարձրագույն դպրոցի եւ գիտության զարգացման գործում ակնառու ծառայությունների, ինչպես նաեւ երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած դերի համար միաձայն որոշել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Մեկ այլ որոշմամբ, «Սրտաբանություն ԳՀԻ» ՓԲ ընկերությունն անվանակոչվել է ՍՍՀՄ բժշկական ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ Լեւոն Հովհաննիսյանի անվամբ։
Ավագանին հաստատել է նաեւ Երեւան համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման, մի շարք փողոցների անվանակոչման մասին որոշման նախագծերը։




























