Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեկտեմբերի 1-ին «Արցախ» ակումբում պիտի մամուլի ասուլիս տար, սակայն այդպես էլ չներկայացավ նախապես ծրագրված ասուլիսին:

Մամուլի ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Հայրապետյանը պետք է խոսի Հայաստանում ֆուտբոլի վիճակից, նաեւ անդրադառնալու է իր եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հեռակա լեզվակռվին:

Բնականաբար, թեման հետաքրքիր էր, եւ մոտ 4 տասնյակ լրագրողներ եւ օպերատորներ էին ներկայացել «Արցախ» մամուլի ակումբ: Ասուլիսին չեկավ, սակայն Հայրապետյանը: Մոտ կես ժամ լրագրողներին սպասեցնելուց հետո վերջապես հայտնեցին, թե Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ից հյուրեր ունի եւ չի կարողացել գալ ասուլիսին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ պատգամավորը նախապես ասուլիս է հրավիրում, ապա չի ներկայանում:

NEWS.am-ը փորձեց այդ հանկարծակի հյուրերի մասին տեղեկություն ստանալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը հայտնեց, որ, իսկապես, հյուրեր են եկել, սակայն չգիտեր թե ովքեր են այդ հյուրերը: Մամուլի քարտուղարը խոստացավ ճշտել հյուրերի ինքնությունը, սակայն մեկ ժամվա ընթացքում այդպես էլ չկարողացավ NEWS.am-ի թղթակցին հայտնել, թե ովքեր են ՈՒԵՖԱ-ից «ժամանել» Ռուբեն Հայրապետյանի մոտ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոկտեմբերի 14-ին միտումնավոր չի գնացել Բուրսա, քանի որ համոզված էր հայկական ընտրանու պարտության մեջ, Ռուբեն Հայրապետյանը բարոյական չէր համարել հայտարարությունը: «Բարգավաճ Հայաստանն» իր հերթին հայտարարություն էր տարածել եւ նշել, թե Ռուբեն Հայրապետյանը բարոյականության մասին խոսելու իրավունք չունի: