Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու միակ ելքը իշխանությունների՝ ընդդիմության հետ երկխոսությունն է: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ՀԱԿ-ը պատրաստ է գնալ իշխանությունների հետ երխոսության միայն, երբ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Նա ընդգծեց, թե 21-րդ դարում երկրում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է՝ հավելելով, որ այսօր ճաղերի ետեւում են գտնվում 15 ընդդիմադիրներ:

Հիշեցնենք, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքը 2008թ. մարտի 1-ին ցրելուց հետո բազմաթիվ ընդդիմադիրներ ձերբակալվեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: 2009թ. հունիսի 19-ին խորհրդարանը համաներում հայտարարեց, համաձայն որի՝ 5 տարուց պակաս ժամկետով դատապարտված ընդդիմադիրներն ազատ արձակվեցին: