«Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպական Միությունը կդառնա ավելի օպերատիվ գործող կառույց, ձեռք կբերի որոշումների ընդունման եւ դրանք առավել արագ կիրառության մեջ դնելու գործառույթներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարարական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։
Նկատելով, որ արդեն այսօրվանից ուժի մեջ մտած Լիսաբոնյան պայմանագիրը իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում ոչ միայն եվրոպական պետությունների, այլ նաեւ ուրիշ տարածաշրջանների երկրների համար, փորձագետն առանձնացրեց, հատկապես, Հարավային Կովկասը։ Նրա համոզմամբ, այս պայմանագիրը թույլ կտա, որպեսզի մեր տարածաշրջանն առավել արագ եւ զգալի չափով ներգրավվի եվրպական արժեքային համակարգի մեջ։ Բացի այդ, հաշվի առնելով տարածաշրջանային երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերի հաճախակի բախումը Հարավային Կովկասում, «Եվրոպան այս կերպ հնարավորություն կունենա առավել արագ արձագանքել կամ միջամտել կողմերի միջեւ ծագած հակամարտություններին»:
Հարցին, թե արդեն երբվանի՞ց մեր տարածաշրջանն իր վրա կզգա Լիսաբոնյան պայմանագրի դրական ազդեցությունը, Կարեն Բեքարյանը նկատեց, որ մինչ պայմանագրի գոյություն ունենալն էլ Եվրոպան եւ Հարավային Կովկասը հաջողությամբ համագործակցում էին, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ դրական տեղաշարժեր այդ մասով, անշուշտ, կային, սակայն այսուհետեւ փոխհարաբերություններն առավել կայուն եւ հուսալի կդառնան։ «Կարծում եմ, որ արդեն փետրվար-մարտ ամիսներին Լիսաբոնյան պայմանագիրն իրեն զգացնել կտա մեր տարածաշրջանում, եւ այն կընկալվի ոչ միայն որպես փաստաթուղթ, այլ նաեւ որպես իրական գործընթաց»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը։




























