Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 1-ին ՀԱԿ գրասենյակում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների եւ դրա հաղթահարման հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:




























